Ադրբեջանը երկար տարիներ քոզարկված քաղաքականություն է վարել՝ իր քաղաքական ինքնուրույնությունն ամրապնդելու հեռահար նպատակադրմամբ: Քանի դեռ մեր փոքր տարածաշրջանում նրան հակազդող ուժ (բառի բոլոր իմաստներով) կար՝ ի դեմս Հայաստանի և Արցախի, դա նրան չէր հաջողվում, և Ադրբեջանի իշխանությունները ստիպված էին Թուրքիայի, Եվրոպայի, Իսրայելի, Ռուսաստանի ու Ամերիկայի առաջ սողալ, կատարել նրանց կամքը: Միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջանը հնարավորություն ստացավ ատամ ցույց տալ, որովհետև իր սուվերենությունը բարձրացրեց ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների հաշվին, այլ՝ Հայաստանի:
Այո, 44-օրյա պատերազմում հաղթանակի համար նա ժամանակավորապես հրաժարվեց իր ունեցած սուվերենության մի մասից, որովհետև պարտավորություններ ստանձնեց Թուրքիայի, Իսրայելի ու նաև Պակիստանի նկատմամբ: Սակայն արդեն Փաշինյանի հետ իր ռազմադիվանագիտական խաղի ընթացքում, որտեղ վերջինս՝ իր իշխանությունը պահելու մարմաջից դրդված, անհոգնել զիջումներ կատարեց ոչ միայն Արցախի տարածքի ու բնակչության, այլև ՀՀ տարածքների և սուվերենության հաշվին, կարողացավ վերականգնել կորցրած դիրքերը և հիմա կարող է ինքնուրույն խաղալ՝ հաշվի չառնելով նույնիսկ իր մերձավոր դաշնակիցների կարծիքը կամ հնարավորությունները: Հիմա Ադրբեջանը շանտաժի է ենթարկում ավելի բարձր և ուժեղ խաղացողների, որովհետև մեր փոքր տարածաշրջանում ուղիղ տեռորի միջոցով դիրքավորվել է որպես թելադրող, «տաք պատերազմի» ձգան (տրիգեր):
Ադրբեջանը կարող էր դեռ չբացել խաղաքարտերը, եթե Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմում Միացյալ Նահանգներին և Իսրայելին հաջողվեր այնպիսի հաջողության հասնել, որ Իրանը դադարեր ինքնուրույն գործոն և Ռուսաստանի դաշնակից լինելուց: Սակայն Արևմուտքում հասկացան, որ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու այդ պլանը չհաջողվեց: Դրա համար է խաղի մեջ մտել Ադրբեջանը՝ վերջնականապես քողազերծվելով:
Ի թիվս այլ պատճառների՝ Ռուսաստանը չի ցանկանում այս սրացումը նաև այն պատճառով, որ Ադրբեջանի դեմ իր միակ զսպող գործընկերը՝ Հայաստանը, նույնպես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճամբարում: Հայաստանի ու հայ ժողովրդի համար դա ոչ մի լավ բան չի բերելու, բայց դա Փաշինյանի իշխանության գոյության միակ շանսն է, որի համար նա պատրաստ է ամեն ինչի:
Փաշինյանի այս աշխարհաքաղաքական դավաճանությունը պայթեցնելու է աշխարհում առանց այդ էլ անդունդի եզրին հայտնված խաղաղ գոյակցությունը: Իսկ եթե հետագայում պատմության նոր դասագրքեր գրվեն, ապա բոլոր ժողովուրդների դժբախտությունների հիմնական պատճառներից մեկն էլ նշվելու է Փաշինյանը՝ այն ամենաէժան «պտուտակը», որը գերագնահատեց իր նշանակությունը:
Էդուարդ Սարիբեկյան